Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մերձավոր Արևելքի բանալին

Մերձավոր Արևելքի բանալին
29.07.2008 | 00:00

Օրերս բրիտանական «Գարդիան» պարբերականը, հենվելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրի հայտարարության վրա, հանրությանը տեղեկացրեց, թե առաջիկայում հնարավոր է ԱՄՆ-Իրան դիվանագիտական հարաբերությունների վերականգնում։ Ըստ այդ տեղեկատվության, 1979-ի հայտնի իրադարձությունների հետևանքով ընդհատված հարաբերությունները կարող են վերականգնվել այսօր Իրանի տարածքում Շվեյցարիայի դեսպանատանը ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հաստատմամբ։ Վերջին 29 տարիներին հենց Շվեյցարիայի դեսպանատունն է Իրանում միաժամանակ ներկայացնում ամերիկյան շահերը։
ՈՒշագրավ է նաև այն հանգամանքը, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում մեղմացման միտումներ սկսեցին նկատվել այն բանից հետո, երբ Թեհրանն ակտիվացրեց իր գործունեությունը հիմնականում Ռուսաստանի և Չինաստանի ջանքերի շնորհիվ ձևավորված Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ)։ Տարածաշրջանային այս նոր կառույցն առնվազն Մոսկվան, մասամբ նաև Պեկինը դիտարկում են ԱՄՆ-ի հետ միջազգային հարաբերությունների շուրջ ծագած վաղեմի բանավեճի լուծումներից մեկը։ Գաղտնիք չէ, որ սոցիալիստական համակարգի կամ երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո արդեն մեկուկես տասնամյակ աշխարհի խոշոր տերությունների միջև առկա է ինչպես տեսական, այնպես էլ գործնական պայքար միաբևեռ կամ բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման շուրջ։ Ինչպես Պեկինը, այնպես էլ Մոսկվան հանդես են գալիս իբրև բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից երկրներ և հենց այդ ուղղությամբ էլ կառուցում են իրենց քաղաքականությունն առնվազն վերջին 7-8 տարիներին։ Սակայն ռուսական վերլուծաբանների շրջանում գնալով ավելի է տարածում գտնում այն տեսակետը, որ եթե ֆրանս-գերմանական ալյանսի ջանքերի շնորհիվ Եվրամիությունը չվերածվի ինքնուրույն բևեռի և, այնուամենայնիվ, մնա ԱՄՆ-ի ազդեցության ներքո, ապա ՇՀԿ-ն նոր արևելյան բլոկի կամ երկրորդ բևեռի վերածելով` Մոսկվան ու Պեկինը կարող են վերականգնել երկբևեռ աշխարհակարգը, համապատասխանաբար և հավասարակշռությունը միջազգային հարաբերություններում։
ՇՀԿ-ի՝ իբրև նոր արևելյան բլոկի ձևավորման ուղղությամբ հաջողություններն առայժմ մեծ չեն։ Այդ կազմակերպությանը, Ռուսաստանից և Չինաստանից բացի, փաստորեն մշտապես անդամակցում են ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեջ մտնող երկրներից Ղազախստանը, Ղրղզստանը, ՈՒզբեկստանը և Տաջիկստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Թուրքմենստանը, Աֆղանստանը, Պակիստանը և Իրանը։ Ահա այս համատեքստում Իրանի դերակատարությունն իրականում շատ կարևոր է, որովհետև այս տարվա գարնանը Թեհրանը պաշտոնական դիմում է ներկայացրել ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու համար։ Իրանի այսպիսի կողմնորոշումը շատ կողմերով որոշիչ ազդեցություն կարող է ունենալ այս կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ Թուրքմենստանի, Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումների հստակեցման առումով, քանի որ Իրանն իր հյուսիսային սահմանով սահմանակից է հենց այս երկրներին, և ՇՀԿ կազմում նրա հայտնվելը կնշանակի, որ, օրինակ, Թուրքմենստանը և Ադրբեջանը հայտնվում են գործնականում ռուսական և իրանական ազդեցության միջև և այդ երկուսին հակադրվելու արդյունքում մշտապես ենթակա են բլիթի պես ճզմված լինելու վտանգին, ինչն անխուսափելիորեն ազդելու է այդ պետությունների կողմնորոշման վրա։ Բացի այդ, Իրանի հայտնվելը ՇՀԿ կազմում կնշանակի, որ այդ՝ առայժմ տնտեսաքաղաքական միավորման մեջ կհայտնվի էներգակիրների զգալի ռեսուրսների տիրապետող ևս մի երկիր, ինչն աննախադեպ կամրացնի միավորման ընդհանուր միջազգային ազդեցությունը էներգակիրների լրջագույն դեֆիցիտի պայմաններում։ Միաժամանակ Իրանը, փաստորեն, կլինի միջուկային զենքի տիրապետող երրորդ երկիրը ՇՀԿ կազմում, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ, մանավանդ որ մշտական անդամակցությունը կարող է օգտակար լինել Իրանին իր ատոմային ծրագիրը մինչև ցանկալի հանգրվան կատարելագործելու առումով։ Ընդ որում, այդ պայմաններում արևմտյան հանրության պահանջները բանի տեղ չդնելը Թեհրանի համար կդառնա անհամեմատ ավելի հեշտ, քանզի այդ դեպքում թիկունքին կունենա Մոսկվայի և Պեկինի մշտական աջակցությունը։
Հասկանալի է, որ այս ամենը Վաշինգտոնում գիտակցել և հաշվարկել են շատ ավելի շուտ։ Եվ ԱՄՆ-ը իսկապես մտահոգության հիմքեր ունի։ Այդ կապակցությամբ, թերևս, պատահական չէր, որ երբ 2007-ի աշնանը Իրանի հետ ամերիկյան պատերազմի սպառնալիքը սկսում էր առարկայանալ, ԱՄՆ հետախուզական ծառայությունները Կոնգրեսին ներկայացրին այնպիսի զեկույց, ըստ որի իրանական ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ ուղղվածություն ունի և միջուկային զենքի տարածման վտանգ չի պարունակում։ Սա ինքնին ամրապնդեց այն ենթադրությունները, որ Վաշինգտոնում բոլոր քաղաքական խմբերը և կառույցները չէ, որ ողջունում են Թեհրանի հետ «բազեավարի» քաղաքականություն վարելու ուղեգիծը, քանի որ այդ հանգամանքն անմիջականորեն դրդում է Իրանին՝ պաշտպանություն որոնել ռուս-չինական միջուկային «հովանոցի» տակ, քանի դեռ Թեհրանը չի ստեղծել իր սեփականը։ Վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված միտումները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղարի՝ Իրանի վերաբերյալ հնչեցրած մերթ մեղմ, մերթ կոշտ հայտարարությունները, բազմաթիվ փորձագետների հիմք են տվել ենթադրելու, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Իրանի հետ փոխհարաբերությունների վերանայումն արդեն օրակարգային, միգուցե և ներքին խոհանոցում ամենաշատ քննարկվող հարցերից մեկն է։ Եվ եթե առաջիկա ընտրություններում հաղթանակ տանի Բարաք Օբաման, բոլորովին չի բացառվում, որ այդ խնդիրը դառնա Սպիտակ տան նոր վարչակազմի ամենաառաջնահերթ հարցերից մեկը։ Հատկապես այն համատեքստում, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշում կայացնելու պարագայում Թեհրանի լոյալ վերաբերմունքը կարող է դառնալ ամերիկյան զորակազմի անվտանգ դուրսբերման հիմնական երաշխիքներից մեկը։
Հայաստանի հետ վերը նշված իրողությունները կապված են անմիջականորեն։ Եթե իրանական վերնախավը, այնուհանդերձ, որոշում կայացնի երկրի ապագան կապել ՇՀԿ-ի հետ իբրև նոր արևելյան բլոկի ձևավորման իրական հեռանկարի, այդ համատեքստում Հայաստանի ներգրավումը նույն ուղեծրի մեջ միանգամայն հավանական է։ ԱՊՀ ՀԱՊԿ-ի գծով մեր դաշնակիցների մեծամասնությունն արդեն իսկ այդ կազմակերպության մեջ է, և Իրանի հայտնվելը ՇՀԿ-ում ավելի առարկայական կդարձնի Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հեռանկարը, ինչը Հայաստանի համար կենսական առումով շատ կարևոր է և տնտեսական կապերի զարգացման աննախադեպ հնարավորություններ կստեղծի նույն ՇՀԿ-ի կազմում գտնվող երկրների, բայց ոչ միայն նրանց հետ, եթե անգամ Հայաստանն էլ հայտնվի այդ բլոկի կազմում։
Բայց միաժամանակ նույնքան հավանական է մեկ այլ սցենար. այն է՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների մեղմացումը կարող է առաջ գնալ բավական արագ և կիլոմետրանոց քայլերով։ Այդ դեպքում բոլորովին չի բացառվում, որ Իրանը ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կվերածվի հիմնական էներգետիկ գործընկերոջ, որի ոչ միայն ռեսուրսային պաշարները, այլև աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր են այնքան ցանկալի կենտրոնասիական նավթին և գազին հասնելու առումով։ Այսինքն, եթե դեպի Արևմուտք էներգակիրների՝ Ռուսաստանը շրջանցող ուղիների առումով առայժմ հիմնական դերակատար էին հանդիսանում Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը, ապա իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման պայմաններում այդպիսի գործընկերոջ կարող է վերածվել արդեն Իրանը։ Հանգամանք, որ միանշանակ կողջունվի էներգակիրների սպառումը տարեցտարի ավելացնող Եվրամիության կողմից։ Նաև Իրան-Հայաստան գազամուղը տրանզիտային դարձնելու տեսանկյունից, որովհետև այդ ճանապարհը Իրանից Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա՝ Հայաստանի, Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքով, գազ առաքելու ամենակարճ ուղին է։ Այսպիսով, եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունների չկարգավորվածությունը Հայաստանի շահերի տեսանկյունից միգուցե ոչ վնաս է, ոչ էլ օգուտ, ապա այդ հարաբերությունների կարգավորումը կարող է Երևանին տնտեսական զարգացման լավ հեռանկարներ խոստանալ ոչ միայն Իրանի հետ երկաթգծի կառուցման, այլև էներգակիրների տրանզիտային երկիր դառնալու առումով։ Մնում է միայն, որ Իրանի էլիտան և քաղաքական ղեկավարությունը կարողանան համարձակ և ճիշտ որոշումներ կայացնել, Հայաստանն էլ, իբրև բարի դրացի, ավելի կամ պակաս չափով շահում է ցանկացած դեպքում։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6027

Մեկնաբանություններ